ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գեղագետը. Ալբերտ (Ալիկ) Պապոյանը («Մեր քաղաքի մարդիկ» շարքից)

Գեղագետը. Ալբերտ (Ալիկ) Պապոյանը  («Մեր քաղաքի մարդիկ» շարքից)
12.07.2023 | 20:16

Համալսարանը նոր էի ավարտել։ Ընդամենը մի քանի ամիս էր, որ աշխատում էի «Լոռի» թերթի խմբագրությունում։ Հերթական թռուցկաժողովում Ամանորի համարն էինք պլանավորում։ Խմբագրի հանձնարարությամբ իմ խնդիրը Ալավերդու գեղարվեստի դպրոցի տնօրեն ԱԼԲԵՐՏ (ԱԼԻԿ) ՊԱՊՈՅԱՆԻՆ հանդիպելն էր, զրուցելը, թերթի տոնական համարի «լոգոն» պատվիրելը։

Զանգահարեցի, պայմանավորվեցինք։

Հաջորդ օրը եկավ խմբագրություն` լոգոյի մի քանի տարբերակով. ծանոթ էր խմբագրի անիմաստ քմահաճ, չմահավան բնավորությանը։ Մեկն ընտրվեց, մնացածը նվիրեց ինձ։ Դրանք հիմա էլ խնամքով պահում եմ` որպես յուրատեսակ, կրկնօրինակը չունեցող էջանշաններ։

...Որքան էլ անցնի ժամանակը, այդ օրվա մեր հանդիպումը չեմ մոռանա։

Դե, համալսարանական տարիներին բանիմաց, գիտակ մարդկանց շատ էի հանդիպել, լսել։ Հենց հայոց կաճառի վերջին մոհիկանները բավական էին, որ այդուհետ չզարմանայի բազմագիտակ մարդկանց հանդիպելիս։ Բայց Ալիկի հետ հանդիպման տպավորիչ օրը գերազանցեց։

Հասկացա, որ իմ ճանաչած մեծերը մեծ տեսաբաններ են, իրենց ուսումնասիրած ոլորտի անուրանալի գիտակներ։

Դե, եթե նույնիսկ համալսարան ես փայլուն ավարտել, դեռ երեխա ես, եթե կյանքը չգիտես կամ գիտես ընդամենը քո կարդացած գրքերից։

Գիտելիքները կրթության չափորոշիչ են, ոչ թե կյանքի իմացության, կյանքի դպրոցի։ Իմացության բանալին հետո է տրվում քեզ, երբ նաև գիտակ, բանիմաց ու շնորհաշատ մարդկանց ես հանդիպում։

...Երեխա եմ` ռոմանտիկ֊ երազային հովերով տարված, իսկ դիմացս մարդ է նստած, որ խոսում է աշխարհի, բնության, կյանքի ու նրա իմաստի, մարդկանց, մի խոսքով` ամեն ինչի մասին։

Հիմա չեմ հիշում` սուրճի հերթական որերորդ բաժակը դատարկեցինք, Պապոյան Ալիկի սիգարետի որերորդ գլանակը ծուխ ու մոխիր դարձավ... Բայց աշխատասենյակը լցված էր մի անբացատրելի խոհական մթնոլորտով ու մթնոլորտին ու տրամադրությանը համահունչ` սիգարետի ծխի թանձր մշուշով։

Աշխատասենյակի դուռը երբեմն բացվում էր, իսկ մենք մի ուրիշ աշխարհում զրուցում էինք` հեռու առօրեական, սովորական միջավայրից։

Այդ օրը հիմա էլ պարզորոշ հիշում եմ. բնական է, որ պիտի հիշեի, չէ՞ որ հայտնվել էի մի այլ, ուրիշ աշխարհում, ուր շատ բան ինձ համար ուղղակի հայտնություն էր, որոնց մասին չգիտեի կամ աղոտ գիտեի։ Իսկ Ալիկը այդ ամենի գիտակն էր, վերլուծողը, մեկնաբանողը։

Հագեցած օրն ավարտվեց այն զգացողությամբ, որ դեռ ինչքա՜ն բան կա տեսնելու, զգալու, սովորելու։

Հաջորդ օրը Ալիկը հրավիրեց Ալավերդու գեղարվեստի դպրոց, իր հիմնադրած դպրոց, ինչպես ինքն էր ասում` իր «օջախի երփնագրերը տեսնելու»։

«Երփնագիր» բառն առաջին անգամ իրենից էի լսում։

Այստեղ իմ առջև բացվեց այն աշխարհը, որում ապրում էր իմ հայրենակիցը, մեր համաքաղաքացին, գեղագետը, գույնի վարպետը, փայտաշխարհի գիտակը։

Այստեղ Ալիկի վրձնի գույները տեսա` իր աչքերով, իր մեկնությամբ։ Նկարչական գունագեղ գործերը, գրաֆիկական աշխատանքները, քանդակները, նրբագեղ փորագրությունները։ ՈՒ ամենահետաքրքիրն այն էր, որ այդ ամենի մասին լսում էի հենց իրենից` իր գույներին համահունչ լեզվով։ Տեսա ծավալի ու տարածության պատրանքի հմուտ վարպետին, վայելեցի իրականության յուրօրինակ գունապատկերը։ Նաև հասկացա, թե իրապես ով է Ալիկը, ում մասին բոլորը ակնածանքով ու առանձնակի հարգանքով են արտահայտվում։

Նրա ինքնատիպ մեկնությունները համադրվում էին հայոց գեղանկարչության վերաբերյալ գիտելիքներին, որոնք այդ օրը մի ուրիշ խորհուրդ ունեին։

Ալիկի գործերն էլ մարդու, բնության, երևույթների գեղարվեստական պատկերագրություններ էին, իսկական երփնագրեր։ Լույսի ու ստվերի խաղ` վրձնած Ալիկի ձեռքով։ Դա նկատելի էր նրա բոլոր գործերում` այն ժամանակ, նաև` հետագայում ստեղծված։

...Գարունը նոր էր բացվել։ ՈՒ նոր անակնկալ։ Այս անգամ` հեռախոսով.

-Շաբաթ օրն ընկերներով Մարցի ձոր ենք գնալու, ուզում եմ դու էլ գաս, որ մեր լեռնաշխարհը մոտիկից ճանաչես։ Ասֆալտը քեզ չի՞ հոգնեցնում։ Վիոլետան էլ է գալու (Վիոլետան Ալիկի նրբակիրթ, հմայագեղ կինն էր, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասատուն), հուսով եմ` չես ձանձրանա։-Մի պահ դադար տվեց ու,-տնեցիների թույլտվությունն արդեն ունենք, հայրդ ու Գագիկը (ավագ եղբայրս, իր ընկերն է) գիտեն,-ասաց ու թվաց, թե սպասում էր իմ դրական պատասխանին։

...Գնացինք։ Անակնկալի եկա. քաղաքի ջահելների ընտրանի փունջ էր Մարցի ձորում։ Այդ օրն էլ մի ուրիշ աշխարհ բացվեց իմ առջև. մեր քաղաքում ապրող բնապաշտ֊-պանթեիստ երիտասարդների աշխարհը, որտեղ ուսուցիչը մեր ավագ ընկերն էր` Ալիկ Պապոյանը։ Նրանք բոլորն իր ընկերներն էին, շատերին հետո պիտի մոտիկից ճանաչեի, ընկերություն անեի։

Բնությունը ճանաչող, ամեն ծառ ու թփի լեզուն հասկացող, հողի շունչը լսող Ալիկն իր տարերքի մեջ էր ու ոչինչ չէր վրիպում նրա աչքից։

ՈՒղնուծուծով արվեստագետ էր` ամուր կպած իր ակունքներին։ Նրա ներշնչանքի աղբյուրը բնությունն էր, ավելի շատ` Մարցի ձորը։

Մարցի ձորը. Լոռվա լեռնաշխարհի գողտրիկ, կուսական անկյունը, ուր ամեն ինչ շնչում էր` արևից շփոթահար թիթեռը, գարնան շունչ առած հողի տակից նոր գլխիկը հանած ծիլը, բողբոջած շիվը...

«Բնությունը մարդու ներշնչանքի աղբյուրն է». սա Ալիկի համար անբեկանելի ճշմարտություն էր։

«Եթե մարդը հեռանում է բնությունից, անգամ իր տեսակն է օտարանում իրեն»։

Ահա մի դաս ևս։

Հետո էլի` ժամանակ անց, նույն` Մարցի ձորում, Մարցագետում մեր խմբագրության ջահելներով պիտի տեսնեինք ձկնորս Ալիկին` կարմրախայտ որսալիս։ Ահա այստեղ էր, որ ավելի ակնհայտ էր դառնում նրա առատաձեռն բնավորությունը, որ այնքա՜ն շատ էր համահունչ մարդու իր շռայլ տեսակին։

Այդ ամենից զատ, երբ լսում էիր Ալիկի խոսքը, թվում էր` քո առջև մի ուրիշ աշխարհ է` տարատեսակ նրբերանգներով, դեռևս երփնագիր չդարձած կտավ։

Ալիկը բնությունը ոչ միայն տեսնել գիտեր, այլև ծառ ու թփի, ծիլ ու ծաղկի հետ մտովի զրուցել։ ՈՒ երբեմն ինձ թվում էր, թե Պանն է, բնության աստվածը։ Չէ՞ որ նա նաև այդ ոգեղեն աշխարհի լռության ներդաշնակությունն էր զգում։

...Ալիկի աշխարհաճանաչողության դաս֊-հեքիաթը շարունակվում էր, նոր երանգներ ստանում։

...Ալիկին հաճախ էի հանդիպում, մեկ` մեր քաղաքում ճանաչված շախմատիստ Ալբերտ Աբգարյանի, մեկ` շնորհաշատ քանդակագործ-նկարիչ Սամվել Նասիբյանի, մեկ` Լոռվա լեռնաշխարհի լուսանկարիչ Սեյրան Տիտանյանի հետ, մեկ էլ...

ՈՒ միշտ քաղաքում տարբերվող, առանձնացող մարդկանց հետ` Մաթևոսյան Ամիրանի, Թամրազյան Արարատի, Պարանյան Վալերիի, Տիտանյան Ռոբերտի, Քոչարյան Արտիկի, Ղազինյան Ռաֆիկի...

ՈՒ բոլորն իր ընկերներն էին։

Չեմ կարծում, թե Ալավերդիում կային մարդիկ, որ չճանաչեին Ալիկին։ Նա յուրաքանչյուրի հետ զրուցելու իր թեման ուներ, զրույցի, խոհի, մտորումի խորության չափը։

Չգիտես որտեղից պեղում, գտնում ու իր շուրջն էր հավաքում մտածող, ճաշակավոր, շնորհալի մարդկանց` անկախ տարիքից։ Մեծի հետ` մեծ, երեխայի հետ` երեխա։ Իր կենսակերպով իրատես-երազողի տեսակ էր։ Նաև` զարմանալի շնորհ ուներ շնորհալիներին անմիջապես ճանաչելու։

«Երեխային պիտի ուղղորդես, օգնես տեսնել

գեղեցիկը»,-ասում էր Ալիկը։

Մի՞թե շնորհ չէր իր` երեխաների մեջ գեղեցիկը տեսնելը, վերարտադրելը, շունչ տալը, վրձինը բռնելը ուսուցանելը, որի անուրանալի գիտակն էր ինքը։

Գեղանկարչությամբ ապրող շատ երեխաներ Ալիկի դպրոցի սաներն են եղել ու այսօր էլ սիրով են հիշում իրենց նրբանկատ, գեղագետ ուսուցչին։

...Ալիկը նաև ժամանակի շունչն ու ոգին զգալու բնատուր զգացողություն ուներ։

Այդպես զգաց նաև Արցախյան

ազգային-ազատագրական շարժման զարկերակը։ Հայոց ռազմի գենի անդավաճան կրողն էր, առաջամարտիկը, որի շարունակողը այսօր որդին է` Տիգրանը, Տիգրան Պապոյանը, հոր արժանավոր որդին։

Հայոց աշխարհի համար այն ծանր, օրհասական տարիներին Ալիկը առաջինների թվում զենք վերցրեց, իր մտերիմ համախոհների հետ կազմակերպեց ինքնապաշտպանական խմբեր, որը հետո դարձավ «Հատուկ գնդի» Ալավերդու վաշտը։

Մեր այդ քաջազուն ալավերդցիներին հետո «հանդիպեցի» «Հատուկ գնդի» հրամանատարի տեղակալ Սամվել Եղիազարյանի «Անմահության արահետով» տարեգիրքը ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ խմբագրելիս։

...Ալիկին այսօր մի առանձնակի սիրով են հիշում նրան ճանաչողները։ Նա իր ամբողջ կյանքում չփոխվեց. մնաց նույն պատվախնդիր լոռեցին, մտավորականը, գեղագետը` միշտ անբաժան իր լեռնաշխարհից ու նրա մարդկանցից։

«Պիտի կյանքդ այնպես ապրես, որ չկրկնվող, կարևոր մի բան թողնես քեզնից հետո»,-ասաց Ալիկը մի անգամ։

Ինքն էլ այդպես ապրեց` ապրեց արարելով, իր անունն ու ճաշակավոր վաստակը թողնելով իր անունը կրող արվեստի կրթօջախում, քաղաքի հիշողության մեջ, տարիներ շարունակ` իմ հիշողության մեջ, որ այսօր գիր դառնա իր մասին։

Մինչ օրս հիշում եմ իր` «Գեղանկարչության արտահայտչամիջոցը գույնն է, պիտի ճիշտ ընտրես այն, նաև` ճիշտ տեսնես» արժեքավոր դիտարկումը։

Աշխարհի տարբեր երկրներ շրջագայությունների ընթացքում` «էրմիտաժ»-ում (Ռուսաստան),

«Լուվր»-ում (Ֆրանսիա), «Պրադո»-յում (Իսպանիա), «Բրիտանական թանգարան»-ում (Անգլիա), «ՈՒֆֆիցիի պատկերասրահ»-ում (Իտալիա), «Վատիկանի թանգարաններ»-ում (Վատիկան), «Դրեզդենի պատկերասրահ»-ում (Գերմանիա),

«Բելվեդերի պատկերասրահ»-ում (Ավստրիա), աշխարհին հայտնի մյուս թանգարաններում ու ցուցասրահներում, որտեղ եղել եմ, հիշել եմ Ալիկին, նրա դասերը, արվեստը ճանաչելու դասերը, մեր ձորի գեղագետի` գեղանկարների գույները տեսնելու անկրկնելի դասերը։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3862

Մեկնաբանություններ